ԱՐԹՈՒՐ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆՎԱՃՈՒՄԸ

22:27 - 23 Ապր, 2023

Խորվաթիայի Զագրեբում ավարտվեց նաև հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Այդ մրցաշարի վերջին գոտեմարտում միմյանց միջև չեմպիոնի կոչումը վիճարկեցին մեր հավաքականի առաջատար Արթուր Ալեքսանյանը և բուլղարացի Կիրիլ Միլովը: Նա պայքարում էր աշխարհամասի ուժեղագույնի կոչումը պահպանելու, իսկ Արթուրը ՝ վեցերորդ անգամ այդ պատվին արժանանալու համար:

Հենց մեկնարկից կողմերը դիմեցին ակտիվ գործողությունների: Այնպես ստացվեց , որ մրցակիցը հնարք կատարեց և ստացավ երկու  միավոր: Բայց պայքարն ընդհատեց Արթուրը, որն իր մարտավկային հուշեց Միլովի ոտքով խախտում կատարելու մասին:

Տեսագրությունը վկայեց ասածը և լուսատախտակի վրայից ջնջվեցին մրցակցի օգտին գրանցված միավորները:

Քիչ անց Միլովը պատժվեց ծնկադիր  / չորեքթաթ / դրությամբ և վերևից աշխատող փորձառու  գյումրեցին գլորում հնարքներով ստացավ հինգ միավոր: Բուլղարացին կարողացավ ընդամենը մեկ միավոր վաստակել: Մրցությունը այդպես էլ ավարտվեց ՝ 5 : 1:

Եվրոպայի այժմ արդեն վեցակի ոսկե դափնեկիր Արթուր Ալեքսանյանը մրցաշարում հաղթել էր հաջորդաբար  վրացի Ռոբերտ Կոբիաշվիլուն, հունգարացի Տամաշ Լևային և Չեխիայի ներկայացուցիչ Արթուր Օմարովին։

Մեր հավաքականը հայրենիք կվերադառնա երկու ոսկե և մեկ բրոնզե մեդալով:

Այլ նորություններ