Ֆուտբոլի ազգերի լիգայի նոր մրցաշրջանի առաջին խաղը Հայաստանի հավաքականն անցկացրեց սեփական հարկի տակ:
B լիգայի առաջին խմբի անդրանիկ խաղում, Երևանի Վազգեն Սարգսյանի անվան ստադիոնում, տանտերերը հյուրընկալեցին Հյուսիսային Իռլանդիայի ֆուտբոլիստներին:
Հանդիպումն ընդհանրապես անցավ հյուրերի տարածքային առավելությամբ: Նրանք ավելի շատ էին տիրում գնդակին և գործողություները վտանգավոր էին: Չենք կարող ասել, թե ինչ ելք կունենար մրցամարտը, եթե տանտերերը աչքի չընկնեին նվիրական խաղով: Ընդհանուր համապատկերի վրա առանձնացավ Վարազդատ Հարոյանը: Նա խաղում էր անձնուրաց և արհեստավարժին հատուկ գործողություններով հմտորեն չեզոքացնում էր իռլանդացիների մտահղացումները: Իսկ դրանք քիչ չէին: Համենայնդեպս, մեր դարպասի ուղղությամբ հյուրերը կատարեցին 13 հարված՝ դաշտի տերերի ցուցադրած յոթի փոխարեն:
Հիշարժան է խաղի 75 –րդ րոպեն, երբ կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը հեռահար և դիպուկ հարվածով գրավեց մրցակցի դարպասը ու հաղթանակ պարգևեց մեր հավաքականին:
Մրցաշարի սկիզբը հուսադրող է: Մեկնարկի հաջողությունը ոգևորիչ է և տղաների մարտական ոգին կարծում ենք չի դավաճանի նաև արտագնա խաղերում:
Հունիսի ութին Հայաստանի ընտրանին Շոտլանդիայում ուժերը կչափի տեղի թիմի հետ: