Այսօր լուսադեմին Հունգարիա մեկնեցին Հայաստանի ձյուդոիստներ Ֆերդինանդ Կարապետյանը և Արսեն Ավետիսյանը: 73 կգ քաշային մեր երկու վարպետները Տատա առողջարանային քաղաքում կմասնակցեն միջազգային մարզումային ճամբարի:
Պարապմունքների նպատակը ընդհանուր մարզավիճակի բարելավումն է , որպեսզի հաջող մասնակցություն ունենան Բուլղարիայի մայրաքաղաքում ապրիլի 29 –ին սկսվելիք Եվրոպայի առաջնությունում:
Արժե նշել, որ Տոկիոյի օլիմպիական խաղերից հետո , վնասվածքը բուժելու պատճառով, մեր հավաքականի առաջատար Ֆերդինանդը երկար ժամանակ չմարզվեց: Հուսանք, որ ապաքինվելուց հետո նա կվերականգնի մարզավիճակը և կրկին մեդալակիր կդառնա հին աշխարհամասի ստուգատեսում:
Մրցաշարին նախապատրաստվող մարզիկ –մարզուհիները Սոֆիայի տատամիների վրա կպայքարեն մեդալների 14 հավաքածուի համար: