Սպորտին նվիրված միջազզգային տոնացույցում օգոստոսի 27 –ը նշվում է որպես բռնցքամարտի միջազգային օր։
Դեռևս 385թ․ 291 –րդ օլիմպիական խաղերի կռփամարտի մրցումներին մասնակցել է հայոց թագավորական տոհմի շառավիղ Վարազդատ Արշակունին և հաղթելով բոլոր մրցակիցներին հռչակվել է օլիմպիական չեմպիոն։ Այդ հաղթանակից 1613 տարի անց, 1998թ․ մայիսի ութին, ՄՕԿ –ի և ՀԱՕԿ –ի փոխադարձ համաձայնությամբ , պատմական Օլիմպիայում հանդիսավորությամբ բացվել է Վարազդատ Արշակունու մարմարե կիսանդրին / քանդակագործ Լևոն Թոքմաջյան / ։ Խոսքով հանդես է եկել Հայաստանի պատվիրակության ղեկավար, ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ, պատմագիտության դոկտոր Միքայել Իսպիրյանը։
Ժամանակակից բռնցքամարտը ծնունդ է առել Անգլիայում, 18-րդ դարի սկզբին։ Իսկ օլիմպիական շարժման վերածննդից հետո, 1920 թ․ այն մտել է օլիմպիական ընտանիք։
Մարզաձևը մեծ տարածում և հեղինակություն ունի Հայաստանում։ Մեզանում աճել են ԽՍՀՄ , Եվրոպայի, աշխարհի տասնյակ չեմպիոններ և մրցանակակիրներ։ Իսկ կաշվե ձեռնոցի հանճարեղ վարպետ, երևանցի Վլադիմիր Ենգիբարյանն իր բազում նվաճումներին ավելացրել է նաև օլիմպիական չեմպիոնի կոչումը։ Նա այդ պատվին արժանացել է 1956թ․ Մելբուռնի օլիմպիական խաղերում։
Նրա ճանապարհով առաջին քայլերն են արել և օլիմպիական բրոնզե մեդալակիր են դարձել երևանցի Դավիթ Թորոսյանը / 1976թ. Մոնրեալ /, վանաձորցի Հրաչիկ Ջավախյանը / 2008թ. Պեկին / և ընթացիկ մրցաշրջանում Տոկիոյում կայացած օլիմպիական խաղերում՝ գյումրեցի Հովհաննես Բաչկովը :
Ընդամենը երեքամյա կենսագրություն ունի բռնցքամարտի համաշխարհային օրը, որը նշվում էր հուլիսի 22 –ին: Բայց ԱԻԲԱ –ի նորընտիր նախագահ Ումար Կրեմլյովը, գործկոմի սկզբնական նիստերից մեկում, առաջարկեց տոնը տեղափոխել և նշել օգոստոսի 27 –ին: Նա գնահատել է այն հանգամանքը, որ աշխարհի բռնցքամարտի անդրանիկ առաջնությունը տեղի է ունեցել 1974թ. օգոստոսի 17 – 30 -ը:
Հետաքրքիր է, որ այսօր ՝ օգոստոսի 27 –ին , Երևանի << Դինամո >> մարզադահլիճում իրենց մենամարտերն են անցկացնում Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական առաջնության մասնակիցները: Մրցաշարին հայտավորված 106 մարզիկները պայքարում են խաղարկվող մրցանակների համար: Բացի այդ, աչքի ընկնող բռնցքամարտիկներով կկազմավորվի հավաքական , որը կնախապատրաստվի հոկտեմբերի 13 -24 –ը, Մոնտենեգրոյում անցկացվելիք Եվրոպայի երիտասարդական առաջնությանը:
Բռնցքամարտի միջազգային տոնի առթիվ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն շնորհավորում է մեր երկրի բոլոր ժամանակների բռնցքամարտիկներին և ակնկալում նորանոր հաղթանակներ: