Մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ամփոփեց անցնող տարին և խոսեց 2016 թվականի ծրագրերի մասին:
-Պարոն Սերոբյան, խնդրում եմ ամփոփեք 2015 թվականը:
-Այս տարին իրոք մեզ համար շատ հաջող էր և մենք շատ գոհ ենք: Այն մրցաշարերին, որոնց մասնակցել ենք, մեդալներով ենք վերադարձել: Արդյունքները սպասվածից բարձր էին: Շատ գոհ ենք մեր տղաներից: Տա Աստված, որ մյուս տարի ավելի լավ լինի: Մենք լուրջ ենք նախապատրաստվում Օլիմպիական խաղերին և մեդալ նվաճելու հույս ունենք:
-Տարին իսկապես հաջող դասավորվեց հայ մարմնամարզիկների համար, այնուամենայնիվ, ի՞նչ բացթողումներ ունեցաք և ի՞նչ խնդիրների բախվեցիք այս տարի:
-Ինչ վերաբերում է մրցաշարերին` բացթողումներ չեղան, մասնակցել ենք բոլոր այն մրցաշարերին, որոնք նախօրոք ծրագրավորված են եղել: Իհարկե, առանց Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի աջակցության, մենք չէինք կարողանա մեր բոլոր ծրագրերն իրականացնել: Խնդիրների մասով նույնն է, կրկին գործիքներն են: Այս տարի մարզադպրոոցը համալրվեց երկու նոր գործիքով, շատ ուրախալի էր, բայց մնացած գործիքներն էլ են շատ հին: Օրերս պտտաձողը կոտրվեց, փառք Աստծո վնասվածքներ չեղան:
-Ավելացավ արդյո՞ք մարմնամարզության ֆեդերացիային հատկացվող պետական ֆինանսական աջակցությունը՝ հայ մարմնամարզիկների լավ ելույթներից և աշխարհի առաջնության բրոնզե մեդալից հետո:
-Պետության կողմից հատկացվող գումարը մնացել է անփոփոխ: Հուսով եմ՝ կփոխվի: Ես անձամբ հանդիպել եմ ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանին և քննարկել Ռիո-2016-ի ուղեգիր նվաճած մարզիկների նախապատրաստական փուլի աշխատանքները: Նա իր կողմից օգնելու և սատարելու պատրաստականություն հայտնեց: Վստահ եմ, որ ամեն հնարավորություն մեզ կընձեռվի՝ հնարավորինս լավ նախապատրաստվելու Խաղերին:
-Պարոն Սերոբյան, ինչո՞վ եք սկսելու 2016 թվականը:
Մեր հիմնական և կարևոր մրցաշարը՝ Հայաստանի առաջնությունն է, որի արդյունքների հիման վրա կորոշվի Եվրոպայի առաջնությանը մեկնող կազմը: Կմասնակցենք աշխարհի Գավաթի խաղարկությանը, որտեղ Հայաստանը կներկայացնեն 4 մարմնամարզիկ: Այնուհետև հավաք կանցկացնենք հենց Քաթարում և կվերադառնանք Հայաստան, որից հետո կմեկնենք Ռիո՝ «Թեստ իվենթ»-ին մասնակցելու, այնուհետ կմասնակցենք Եվրոպայի առաջնությանը: Մինչև Օլիմպիական խաղերը, պլանավորում ենք ևս մեկ մրցաշարի մասնակցել:
ՀԱՕԿ լրատվության բաժին