ՀԱՕԿ –ի և ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ Երևանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում ստեղծվեցին հաշմանդամների համար հարմարեցված նոր պայմաններ / թեքահարթակներ, անվասայլակներին համապատասխան սեղաններ, սանհանգույց և այլն /: Իր դռները բացեց նաև հիմնանորոգված նոր լսարանը, որը կահավորվել է այնպես, որ հնարավոր լինի հաշմանդամություն ունեցող անձանց ազատ տեղաշարժը: Այն անվանակոչվեց մեր երկրում բազկամարտի հիմնադիր, այդ մարզաձևի հանրապետական ֆեդերացիայի հիմնադիր նախագահ, վաստակավոր մարզիչ-մանկավարժ Աշոտ Սարգսյանի անունով:
Հանդիսավոր արարողությանը ներկա էին տարբեր պատճառներով հաշմված մարդիկ, սայլակավոր . . . բասկետբոլիստներ, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի, ՀՀ ՊՆ համակարգի, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ֆիզկուլտուրայի և սպորտի մայր բուհի բազմաթիվ ներկայացուցիչներ, դասախոսներ, մարզիչներ, անվանի մարզիկներ, լրագրողներ:
Բացումը կատարեցին և սրտի խոսք ասացին բուհի ռեկտորի ԺՊ Դավիթ Խիթարյանը և ՀԱՕԿ նախագահի օգնական Մանե Մուրադյանը: Նոր լսարանի կարևորության և հաշմանդամների հոգածության մասին խոսեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Գեմաֆին Գասպարյանը: Ելույթ ունեցավ նաև Աշոտ Սարգսյանի դուստր Լուիզա Սարգսյանը: Նա երախտիքի խոսք ուղղեց բոլոր նրանց, ովքեր մասնակցություն են ունեցել այդ գործում: Առանձնացրեց ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին, ով եղել է Ա. Սարգսյանի բազմաթիվ սաներից մեկը և չի մոռանում իր ուսուցչին:
Լրագրողների հետ զրույցում Մանե Մուրադյանն ասաց, որ ՀԱՕԿ նախագահի բազում ծրագրերում ընդգրկված է նաև մեր երկրում հաշմանդամություն ունեցող մարդկանց հարցերը հոգալու խնդիրը:Այս պարագայում ասածը վերաբերում է ֆիզկուլտուրային մայր բուհի հաշմանդամ ուսանող-մարզիկներին: Հատուկ լսարանը և համապատասխան պայմանները կօժանդակեն պարալիմպիկ մարզիկներին, ովքեր ավելի լավ կնախապատրաստվեն Տոկիոյում անցկացվելիք խաղերին:
Բանախոսները կարևորեցին նախաձեռնությունը, հույս հայտնեցին, որ այն օրինակ կծառայի մյուս բուհերի համար: Արդյունքում մասնագիտական տարբեր նախասիրություններ ունեցող հաշմանդամ երիտասարդությունը կստանա համապատասխան մասնագիտական կրթություն: