Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ Ավետիք Վարդանյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ամփոփեց Էստոնիայի մայրաքաղաք Տալինում ավարտված երիտասարդական աշխարհի առաջնությունը.
«Գիտեք, որ երիտասարդական Եվրոպայի առաջնության ժամանակ թիմի կեսը վնասվածք ուներ և հանդես եկանք երկրորդ կազմով: ԱԱ-ի ժամանակ վնասվածք ստացած ըմբիշներից երկուսը ապաքինվել էին և նրանց ընդգրկեցինք կազմ՝ հույս ունենալով, որ այդ ժամանակահատվածում նրանք մարզավիճակը կբարելավեն՝ հասցնելով առավելագույնի: ԱԱ-ն ցույց տվեց, որ մարզավիճակը բարելավել էին, բայց առավելագույնի չեն հասցրել: Խոսքը Վազգեն Թևանյանի և Հովհաննես Մաղաքյանի մասին է. Վազգենը ձեռքի վիրահատություն էր տարել, իսկ Հովհաննեսը ԵԱ-ից առաջ կոտրել էր ոտքը: Վազգենը ոչ միայն պարտվեց իր մարզավիճակի պատճառով. չնայած նրա մարզավիճակը վատ չէր՝ միջին էր, այլ նաև թույլ տված տակտիկական սխալների պատճառով: Իրավունք չուներ այդ սխալները թուլ տալ՝ փորձառու ըմբիշ է: Մարզիչներով զգուշացրել էինք, որ այդ սխալները չկրկնի, բայց կրկնեց ու պատժվեց»:
Ավետիք Վարդնյանը գոհ էր Վրեժ Գևորգյանի ցույց տված արդյունքից.
«Գոհ եմ 57 կգ քաշային Վրեժ Գևորգյանից, իմ ակնկալածից լավ մասնակցեց: Նա Հայաստանի առաջնությունում երկրորդ տեղն էր զբաղեցրել։ Բայց բրավո, կարողացավ լավ գոտեմրատեր անցկացնել»:
Խոսելով ԱԱ-ում մրցավարության մասին` Վարդանյանն ասաց, որ պետք չէ մեղքը բարդել ուրիշների վրա, անգամ մրցավարների.
«74 կգ քաշային կարգում մրցավարական սխալ չի եղել: Դավիթ Գևորգյանին թե՛ պատանիներում, թե՛ երիտասարդներում վստահել ենք, բայց չի կարողացնել արդարացնել իրեն, մարզումներին լավ է դրսվորում, բայց առաջնությունների ժամանակ չի արդարացնում։ 61 կգ քաշային կարգում եղել է որոշակի մրցավարական թերացում, բայց ես չեմ սիրում մեղքը բարդել մրցավաների վրա: Հրաչյա Մարգարյանը Եվրոպայի չեմպիոն է և պետք է թույլ չտար գոտեմարտը հավասարեցնել, որ մնար մրցավարների որոշումից կախված, և սխալ մրցավարության «զոհ» դառնար: Ես միշտ մեղադրում եմ մեզ, ուրիշ մեղավորներ փնտրել պետք չէ»:
Մեկնաբանության վերջում Ավետիք Վարդնայանը անդրադարձավ երիտասրադկան հավաքականի կազմի փոփոխությանը.
«Մրցաշրջանը ավարտվեց։ Այս տարվանից թիմը փոխվում է, նոր թիմ ենք հավաքելու ու աշխատենք գրեթե 0-ից: Պատանեկան հավաքականից երիտասարադական հավաքականի ռեալ թեկանծու է 92 կգ քաշային Լյովա Գևորգյանը (2019 թվականի պատանիների Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր), իսկ մնացածն էլ լավ ըմբիշներ են, բոլորի հետ էլ հույս կապել պետք է, աշխատանքներ տանել պետք է: Նոր թիմի հետ կմասնակցենք 2-3 միջազգային մրցաշարի՝ կփորձենք նրանց թե՛ լավ , թե՛ վատ կողմերը բացահայտել. ժամանակ դեռ կա: Այս տարիքային անցումը բավականին բարդ է, քանի որ պատանի տարիքում նրանք գոտեմարտում են 2 մրցափուլով 2 րոպե, իսկ երիտասրադներում արդեն 3-ական րոպե»,- եզրափակեց խոսքը Ավետիք Վարդանյանը:
Հիշեցնենք, որ ավարտված ԱԱ-ում 4 հայ ազատ ոճայիններ պայքարել էին բրոնզե մեդալի համար և պարտվել։