ԱՄՆ Հյուսթոն քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամ Վանիկ Ավետիսյանը զբաղեցրեց 12-րդ տեղը:
69 կգ քաշային Ավետիսյանը պոկում վարժությունում նախ պոկեց 136 կգ, հետո 140 կգ, սակայն չկարողացավ գլխավերևում պահել 142 կգ-ը: Հրում վարժությունում հայ ծանրորդը հրեց 177 կգ, բայց չկարողացավ բարձրացնել 182 կգ-ը: Երկարմարտի՝ 317 կգ արդյունքով նա 12-րդն է:
Նոյեմբերի 24-25-ին ժամը 03:30-ին իրենց ուժերը կչափեն 77 կգ Անդրանիկ Կարապետյանը և Տիգրան Մարտիրոսյանը: Նազիկ Ավդալյանը պայքարի մեջ կմտնի նոյեմբերի 26-27-ին ժամը 01:30-ին: Նոյեմբերի 27-28-ին մեդալների համար կպայքարեն 75 կգ քաշային Սոնա Պողոսյանը (ժամը 01:00-ին), իսկ ժամը 03:30-ին` Սիմոն Մարտիրոսյանը (105 կգ): Մրցումային վերջին օրը պայքարի դուրս կգան գերծանր քաշային Գոռ Մինասյանը և Ռուբեն Ալեքսանյանը՝ ժամը 01:00, իսկ 03:30-ին՝ Հռիփսիմե Խուրշուդյանը (75 + կգ):
ՀԱՕԿ լրատվության բաժին