Արթուր Դավթյանը գերազանցեց մեր սպասելիքները. Հակոբ Սերոբյան

09:00 - 27 Հոկ, 2015

Մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամ Արթուր Դավթյանն աշխարհի առաջնությունում հավաքած միավորների շնորհիվ հնարավորություն կստանա պայքարելու Ռիոյում ապրիլին կայանալիք Օլիմպիական խաղերին նախորդող «Թեստ իվենթ»-ին: Աշխարհի առաջնությունում գրանցած արդյունքը կրկնելու դեպքում նա իրավունք կստանա մասնակցելու Օլիմպիական խաղերին:

«Հայաստանը ներկայացնող մարմնամարզիկներից Արթուր Դավթյանը գերազանցեց մեր սպասելիքները: Արթուրը կատարեց իր վարժությունները շատ լավ և հավաքելով 84, 974 միավոր և զբաղեցրեց 21-րդ հորիզոնականը: Նա իրավունք ստացավ մասնակցելու  Ռիո դե Ժանեյրոյում ապրիլին կայանալիք «Թեստ իվենթ»-ին: Մարմնամարզիկներից Վահագն Դավթյանը (օղակներ) և Հարություն Մերդինյան (նժույգթափեր)  դուրս են եկել եզրափակիչ և հոկտեմբերի 31-ին ու նոյեմբերի 1-ին կպայքարեն ուղեգրերի համար: Իրենց գործը քիչ ավելի դժվար կլինի: Անհատական ձևերում միայն մեդալ նվաճելու դեպքում մեր մարզիկները իրավունք կստանան մասնակցելու Օլիմպիական խաղերին»,-ՀԱՕԿ լրատվականի լրագրողի հետ զրույցում ասաց մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը:

 Հոկտեմբերի 23-ից նոյեմբերի 1-ը Գլազգոյում անցկացվում է մարմնամարզության աշխարհի առաջնությունը, որը վարկանիշային է 2016 թվականի Օլիմպիական խաղերի համար: Հայաստանը ներկայացնում են Վահագն Դավթյանը, Հարություն Մերդինյանը, Արթուր Դավթյանը և Հուռի Գեբեշյանը: Մարմնամարզիկ Հուռի Գեբեշյանը իրավունք է ստացել մասնացելու Ռիոյում կայանալիք «Թեստ իվենթ»-ին և աշխարհի առաջնությունում գրանցած արդյունքը կրկնելու դեպքում կլինի առաջին հայ մարմնամարզիկը, ով Հայաստանը կներակայացնի Օլիմպիական խաղերի կանանց մարմնամարզությունում: 


ՀԱՕԿ լրատվության բաժին

Այլ նորություններ