Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը հյուրընկալել էր բասկետբոլի Եվրոպայի փոքր երկրների առաջնության չեմպիոն Հայաստանի հավաքականի անդամներին և մարզչական շտաբի անդամներին:
ՀԱՕԿ նախագահն անձամբ բոլոր բասկետբոլիստներին ծանոթացրեց Օլիմպիավանի ենթակառուցվածքներին, պատմեց յուրաքանչյուր կառույցի մասին:
Ողջունելով մարզիկներին և ներկաներին՝ ՀԱՕԿ նախագահը մասնավորապես ասաց.
«Սրտանց շնորհավորում եմ Ձեզ հաջող ելույթի կապակցությամբ: Շատերը չէին հավատում, բայց դուք մասնակցեցիք ու հաղթեցիք: Որպես մարզական ձեռքբերում` ունեցանք առավելագույնը: Ես շնորհավորում եմ ձեզ ու շնորհակալություն եմ հայտնում, որ մեր երկրի պատիվը բարձր պահեցիք: Պետությունները միջազգային ասպարեզում հեղինակություն ձեռք են բերում նաև այսպես` քայլ առ քայլ, հաջող հանդես գալով: Սկզբում մի հաղթանակ, հետո` մյուսը, հետո` երրորդը ու տեսնում ես, որ քո երկրին արդեն ուրիշ կերպ են վերաբերվում: Եվ հարգանքն է մեծանում և հեղինակությունը: Այս հավաքականի կազմում հանդես են գալիս աշխարհի տարբեր երկրներում բնակվող մեր հայրենակիցները և ոչ միայն: Մենք տարբեր մարզաձևերում ունենք հայազգի լավ մարզիկներ, մարզիչներ, սպորտային բնագավառի մասնագետներ: Սա հարստություն է: Ձեր այս հաղթանակը կարևորվում է նաև այն առումով, որ դուք ապացուցեցիք, որ հայերը կարող են նաև թիմային մարզաձևերում հաղթանակ տոնել, կոտրեցիք այն կարծրատիպը, թե միայն մենապայքարային մարզաձևերում ենք մենք ուժեղ: Հասկանալի է, որ հետագա ելույթների, հաջողությունների համար մեր թիմին պետք է աջակցություն: Ես պատրաստ եմ դա անել: Եվ մենք միասին կունենանք նոր հաջողություններ: Ձեր հաջողությունը շատ տեղին էր, ճիշտ ժամանակին: Թող տարոսը լինի մեր օլիմպիական թիմին, որը շատ ուժեղ է ու մեր բոլոր մարզիկները պատրաստ են պայքարի: Աստված մեզ բոլորիս պահապան»,-ասաց ՀԱՕԿ նախագահը:
Բասկետբոլի Հայաստանի ֆեդերացիայի փոխնախագահ Արա Պողոսյանը շնորհակալություն հայտնեց ՀԱՕԿ նախագահին մեծ աջակցության, ոգևորության և անընդմեջ բասկետբոլի կողքին լինելու համար:
«Երբ մենք սկսում էինք թիմը ձևավորել և իմացանք, որ Դուք մեր կողքին եք և աջակցելու եք մեզ, շատ ոգևորվեցինք: Շնորհակալ ենք: Ցանկանում եմ ասել, որ այս հաղթանակից ոգևորված՝ մեր բասկետբոլիստներից շատերը, այդ թվում նաև հավաքականի մարզիչ Տիգրան Գյոկչյանը, ցանկություն հայտնեցին մնալ և շարունակել մարզվել Հայաստանում: Վստահ եմ, որ միշտ կվայելենք Ձեր աջակցությունը: Եվս մեկ անգամ՝ շնորհակալություն»,-ասաց Պողոսյանը:
Բասկետբոլի Հայաստանի հավաքականի ավագ՝ Զարեհ Զարգարյանը Եվրոպայի փոքր երկրների առաջնության գավաթը հանձնեց ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին, հավաքականի մարզիչ՝ Տիգրան Գյոկչյանը փոխանցեց ոսկե մեդալը և հավաքականի անդամների ստորագրությամբ գնդակ: Պարգևներն իրենց ուրույն տեղը գտան Օլիմպավանի թանգարանում:
Լուսանկարներն՝ այստեղ
ՀԱՕԿ լրատվության բաժին