Քառասուն տարի առաջ ՝ 1980-ի հուլիսի 19-ին, Մոսկվայի << Լուժնիկի >> մարզադաշտի մեծ ասպարեզում տեղի ունեցավ 22 –րդ ամառային օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը։
Խաղերը հյուրընկալելու պատվին արժանանալուց հետո Խորհրդային Միությունում սկսվեց մարզահամալիրների և ենթակառուցվածքների լայնածավալ շինարարություն և վերակառուցում: Ամբողջ երկիրն էր ընդգրկված նախապատրաստական աշխատանքներում։
Չնայած որոշ երկրների բոյկոտին, 80 երկրների պատվիրակություններ, ժամանեցին Մոսկվա:
Այնուամենայնիվ, բոյկոտած երկրների որոշ մարզիկներ, հանդես եկան ՄՕԿ –ի դրոշի ներքո: Օրինակ ՝ աթլետիկայի միջազգային ֆեդերացիայի ներկայիս ղեկավար , բրիտանացի Սեբաստիան Կոեն դարձավ 1500 մ վազքի չեմպիոն ,իսկ 800 մ-ում՝ փոխչեմպիոն:
23 մարզաձևերում, խաղարկվեց մեդալների 203 հավաքածու։ 14 օրվա ընթացքում գրանցվեց 74` օլիմպիական , 36` համաշխարհային և 39` եվրոպական ռեկորդ։
Ոչ պաշտոնական հաշվարկով բոլորից շատ՝ 195 մեդալ նվաճեցին ԽՍՀՄ մարզիկ - մարզուհիները / 80 ոսկե, 69 արծաթե և 46 բրոնզե /։
Մոսկովյան խաղերի թալիսմանը Միշա անվանումով արջուկն էր։ Խաղերի փակման արարողության ժամանակ, օգոստոսի 3 –ին, արտասովոր հուզիչ ու սրտառուչ էր նրա հրաժեշտի տեսարանը։ Դանդաղորեն երկինք բարձրացող արջուկն արտասվում էր, հուզելով միլիոնավոր մարզասերների և հեռուստադիտողների։ Այս դրվագն անմոռաց է օլիմպիական խաղերի պատմագրքում։
Մոսկովյան խաղերի նախօրեին ՄՕԿ –ի նախագահ ընտրված Խուան Անտոնիո Սամարանչը իր հուշերում գրել է, որ մոսկովյան ստուգատեսը նոր չափանիշ հանդիսացավ կազմակերպվածության, տեխնիկական հագեցվածության, մշակութային ծրագրերի, մամուլի, ռադիոյի, հեռուստատեսության և մրցումների առումով։
ԽՍՀՄ թիմի կազմում ընդգրկված էին նաև հայաստանցի ութ մարզիկներ, որոնք նվաճեցին ․ ․ ․ ինը մեդալ։ Չեմպիոն դարձան ծանրորդ Յուրի Վարդանյանը, մարմնամարզիկ Էդվարդ Ազարյանը, փոխչեմպիոն ՝ սուսերամարտիկ Աշոտ Կարագյանը / արծաթ և բրոնզ /, ջրացատկորդ Սիրվարդ էմիրզյանը, ծանրորդ Յուրի Սարգսյանը և երրորդ մրցանակակիր՝ ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանը, ջրացատկորդ Դավիթ Համաբարձումյանն ու մականորդ Սոս Հայրապետյանը։ Նրանց դիմանկարները հաջորդաբար կներկայացնենք ընթերցողներին։