Արսեն Հարությունյան․ Վստահ էի, որ հետ եմ բերելու կորցրած միավորները

01:04 - 11 Ապր, 2019

Բուխարեստում ընթացող Եվրոպայի առաջնությունում իրենց ելույթները ավարտեցին ազատոճային ըմբիշները:

Հայաստանի հավաքականը 6 տարվա դադարից հետո Եվրոպայի նոր չեմպիոն ունի: 61 կգ քաշային Արսեն Հարությունյանը եզրափակչում 17:11 հաշվով կամային, լարված և գեղեցիկ հաղթանակ տարավ վրացի Բեկա Լոմտաձեի նկատմամբ և նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը:

Պարգևատրման արարողությունից հետո Արսեն Հարությունյանը պատասխանեց ՀԱՕԿ լրատվականի հարցերին.

-Ինչպե՞ս անցավ առաջնությունը, և ո՞րն էր ամենաբարդ գոտեմարտը:

-Ամենաբարդ գոտեմարտը ռումինացի ըմբիշի հետ էր։ Շատ դժվար էր․ առաջին 3 րոպեի ընթացքում շատ էի հոգնել, իսկ երկրրոդ մրցափուլի ընթացքում զգացի, որ էլ «տեղում չի» և կարող եմ  հաղթել նրան: Եզրափակիչ գոտեմարտը  նույնպես բարդ էր, բայց մրցակիցս ավելի շատ հոգնեց։ էներգիաս ավելացավ այդ պահին, կարողանում էի գորգում «աշխատել» և վստահ էի, որ հետ եմ բերելու կորցրած միավորները (գոտեմարտի մեկնարկից վայրկյաններ անց Արսեն Հարությունյանը պարտվում էր 0:8 հաշվով, բայց վերջնական արդյունքում առավելության հասավ 17:11 հաշվով – ՀԱՕԿ լրատվական):

-3 գոտեմարտերի ընթացքում էլ հետապնդողի դերում ես եղել և կարողացել ես վերջնարդյունքում հաղթել: Ո՞րն է գաղտնիքը:

-Իմ ոճն է այդպիսին։ Ես որոշել էի առաջին 3 րոպեներին հոգնեցնել հակառակորդներին, իսկ երկրորդ մրցափուլում՝ հնարքներ կատարել և միավորներ վաստակել:

-Մինչ Եվրոպայի առաջնությունը նախապատրաստական փուլ ես անցել: Որքանո՞վ քեզ այն օգնեց:

-Շատ լավ նախապատրաստական շրջան եմ անցել։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել Հաբեթնակ Կուրղինյանին, Էդգար Ենոքյանին, անձնական մարզիչներիս այն բանի համար, որ կողքիս են եղել: Առանց նրանց չէի կարող հաղթել:

-Մասնակցել ես գերմանական ակումբային առաջնությանը: Այնտեղ ձեռք բերված փորձը նույնպե՞ս քեզ օգնեց:

-Գերմանիայում անցկացրած գոտեմարտերս ինձ շատ օգնեցին: Ավելի վստահ էի ինձ զգում: Բախտս շատ բերեց, որ այնտեղ հայտնվեցի Ռոման Ամոյանի հետ: Նա ինձ շատ օգնեց, վստահություն ներշնչեց, որ ուժեղ եմ և կարող եմ մեծահասակների Եվրոպայի առաջնությունում հաղթել: Նրան շատ շնորհակալ եմ:

-Վերջին անգամ  ազատ ոճից Եվրոպայի չեմպիոն էր դարձել Դավիթ Սաֆարյանը: Այսօր նա հետևում էր նախապատրաստական  ընթացքիդ: Ի՞նչ խորհուրդներ տվեց քեզ մինչ եզրափակիչը:

-Նրա հետ երեկ էլ էի խոսել, նա խորհուրդներ էր տալիս՝ ինչպե՛ս գոտեմարտել հակառակորդիս հետ։ Հենց նրա ասած սցենարով էլ գոտեմարտս ընթացավ:

Վերջում ուզում եմ շնորհակալություն հայտնել երկրպագուներիս։ Ես ձեզանով եմ ուժեղ, միայնանակ ոչնչի չէի հասնի, շնորհակալ եմ, որ հետևում ու երկրպագում եք ինձ:

 

Այլ նորություններ